ՍԴ ընդունած որոշումների քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն. ՍԴ մամուլի քարտուղար
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշման հրապարակումից հետո բազմաթիվ հարցեր եմ ստանում Սահմանադրական դատարանի առանձին դատավորների հայտնած դիրքորոշման կամ առհասարակ քվեարկության արդյունքներով ձայների համամասնության վերաբերյալ։
Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը․ Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը։
Այսպիսով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող։
Հ․Գ․ Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածում կարող եք գտնել վերոնշյալի իրավական սահմանումը` տեղեկացրել է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: