Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական սխալի շտկում կլինի. Jerusalem Post

Biden

Ինչպես հաղորդվում է՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի պատմական ու երկար հասունացած որոշումը կլինի: Հայոց ցեղասպանության թեմայի մասին ծավալուն հոդված է հրապարակվել հրեական Jerusalem Post պարբերականում:

1915-ին հայ քրիստոնյաների դեմ օսմանցի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելի և շատ այլ երկրների հրաժարումն ու ձախողումը բարոյական առումով աններելի քայլ են:

Պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգներում միայն 2019-ին է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը նույնպես կճանաչի այն:

Jerusalem Post-ն ընդգծում է, որ շատ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունը դիտարկում են որպես Հոլոքոսթի նախադեպ, և դրա ճանաչման պակասը հաճախ որպես ապացույց է բերվում, թե ինչու Հոլոքոսթի հիշատակումը որոշիչ նշանակություն ունի հետագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում: Չնայած ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ապացույցներին ու ականատեսների վկայություններին, Թուրքիայի՝ կոտորածի համար պատասխանատվություն կրելու կտրականապես մերժման հետևանքով հակասություններ կան ճանաչման շուրջ:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական երկրի կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով:

Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժ է արել ու սպառնացել երկրներին՝ նույնիսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մտածելու դեպքում:

Ի սկզբանե, սա մի բան էր, որն Իսրայելը քաղաքականապես չէր կարող իրեն թույլ տալ: Իսրայելի համար Թուրքիան միակ մուսուլմանական պետությունն է, որի հետ գործակցային և դիվանագիտական հարաբերություններ ունի: Տասնամյակների ընթացքում Թուրքիայի թշնամանքն Իսրայելի նկատմամբ աճել է բռնապետական ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք: Սակայն խնդիրը միայն դա չէ. Թուրքիայի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հարաբերություններն սերտանում են:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և միանշանակ պատմության շիտակ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն այսօր էլ ծախել է հայ ժողովրդին՝ Ադրբեջանին վաճառելով զենքեր, որոնցով ռմբակոծվել են հայկական քաղաքները:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պարբերականը նշում է, որ այս ամիս Սպիտակ տնից հայտնեցին, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է ճանաչել այն:

Հոդվածագիրը կարևորում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես սահմռկեցուցիչ իրադարձություն չէ: Սա ամբողջ աշխարհում այդ ժամանակ տեղի ունեցած ամենասարսափելի ցեղասպանությունն է, որը տեղի է ունեցել ոչ թե պատերազմական իրադարձությունների համատեքստում, այլ՝ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա են:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

 

Ձեզ կհետաքրքրի...