ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

PATMAKAN

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկում Հայաստանի ընտրանին ստանդարտ դիրքից հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն գնդակը շեղ անցավ: Ռումինիայի ընտրանին էլ շեշտը դրել էր հեռահար, ուժեղ հարվածների վրա: Հայաստանի ընտրանին մեկնարկային 20 րոպեներին հիմնականում հակագրոհների վրա էր աշխատում: Վիճակագրությունը Ռումինիայի օգտին էր` 29/71 հարաբերակցությամբ: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց հնարավորություն տալով Ադամյանին, Շաղոյանին և հավաքականի կազմում իր նորամուտը նշող 19-ամյա Էդուարդ Սպերցյանին:  Վերջինս պարզապես փայլեց և 56-րդ րոպեին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով և գրավելով Ռումինիայի դարպասը:

Հակագրոհներից մեկի ժամանակ` 62-րդ րոպեին ռումինացիները հավասարեցրեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Ալեխանդրու Չիկալդաուն: Խփած գնդակից հետո հյուրերը շարունակեցին տիրել նախաձեռնությանը և խփեցին նաև երկրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Ալեխանդրու Չիկալդաուն:

77-րդ րոպեին Չալըշըրի դեմ կոպիտ խաղի համար Ռումինիայի հավաքականից կարմիր քարտ ստացավ Պուշկաշը: Հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին հիմնականում գրոհում էր: Եվ գոլը երկար սպասեց չտվեց` գլխի հարվածով աչքի ընկավ ընտրանու ավագ և առաջատար Վարազդատ Հարոյանը: Րոպեներ անց ռումինացիները խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանին ընտրանին պատմական արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական փուլում` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2:

Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին:

Ձեզ կհետաքրքրի...