Տեղի է ունեցել Այվազյան-Լավրով հանդիպումը. արտգործնախարարները դիտարկել են ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկել են ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները:
Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:
Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:
Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ: