Էջմիածինը փոխում է դիմագիծը
Էջմիածինը պետք է փոխի դիմագիծը։ Այս ուղղությամբ քայլերը սկսվելու են կենտրոնական փողոցների շենքերի արտաքին փոփոխություններից։ Խորհրդային միատոն շենքերի արտաքին տեսքը փոխվելու է ճարտարապետական նոր լուծումներով։ Էջմիածնի ավագանու անդամ, նկարիչ ձևավորող Ներսես Մելիքյանի մտահղացումն արդեն փորձարկել են՝ փայտով ձևավորվել են բազմաբնակարան շենքերից մեկի պատշգամբներն ու պատուհանները։
Էջմիածնի կենտրոնի բնակելի շենքերը նոր տեսք կստանան։ Մեկնարկը տրվել է Արարատյան փողոցի Մայր տաճարին հարակից բազմահարկ շենքով, որի ճակատային մասը փայտե ձեւավորում է ստանում։ Վարդագույն տուֆե խամրած շենքերին փորձում են թարմություն հաղորդել: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասում է՝ սա քաղաքի զարգացման իրենց տեսլականներից մեկն է.
«Դա շենքերի արտաքին տեսքն է, քաղաքի արտաքին տեսքն է առհասարակ, և շենքերի ֆասադային տարածքներին գեղագիտական տեսք տալը: Բալկոնների վրա հավաքում ենք փայտյա պատշգամբներ, տեղադրելու ենք ծաղկամաններ»:
Էջմիածնի զարգացման 2019-2023 թթ 5-ամյա ծրագրում որպես խնդիր է դիտարկվում քաղաքաշինական միասնական ոճի բացակայությունը և բնակելի շենքերի ճակատների մաշված ու անհրապույր լինելը։ Ակնկալվում է, որ արտաքին նոր հարդարանքը կվերափոխի հոգևոր մայրաքաղաքի դիմագիծը: Շենքի արտաքին մասի էսթետիկ ձևավորման հեղինակն ավագանու անդամ, նկարիչ-ձևավորող Ներսես Մելիքյանն է:
«Շենքի արտաքին տեսքը մի քիչ թարմացնում ենք, մի քիչ հայկական ոճի մեջ, փայտային լուծումներով: Իմ մտահղացումն է՝ խորհրդակցելով քաղաքապետարանի, քաղաքապետի, խորհրդի հետ: Մեր քաղաքի ավագանու անդամների մի մասը սեփական ներդրումներով փորձել է քաղաքին նվեր անել, փորձում ենք մարտի 8-ի կապակցությամբ՝ միասմյակի շրջանակներում անենք»:
Կանանց միամսյա տոնի նվերի չափաբաժնում իր մասն ունի նաև քաղաքապետարանը, բայց շենքերի արտաքին տեսքը կփոխվի առավելապես համայնքային գումարներով: Դրան զուգահեռ՝ Էջմիածնի բյուջեի միջոցներով անցած տարի ամբողջությամբ ասֆալտապատվել են շենքերի նախկինում քանդված ու ջրափոսերով լի բակային տարածքները։
«Աշնանն են ավարտել, էս շենքն էլ, դիմացի շենքն էլ լրիվ քանդուքարափ էին: Ասֆալտեցին, մայթերն էլ սարքեցին»:
Ասֆալտապատվել է նաև գրեթե 30 տարի ուշադրությունից դուրս մնացած Արամ Մանուկյան 1-ին թաղամասի գլխավոր փողոցը, անցկացվել է գիշերային լուսավորություն: Հոգևոր մայրաքաղաքի անհամեմատ երիտասարդ այս թաղամասը շուրջ 3 տասնամյակ նաեւ կոյուղի չի ունեցել: 2 տարի առաջ կառավարությունը 80 տոկոսով ֆինանսավորեց 1-ին թաղամասի 6 փողոցի կոյուղու կառուցումը: Այս տարի կոյուղի կանցկացվի 2-րդ թաղամասում, և բարեկարգումը նոր ընթացք կստանա:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղեկացմամբ՝ այս տարի քաղաքի բարեկարգման գործում գերակշռելու են ասֆալտապատման աշխատանքները։
«Զվարթնոց թաղամասում գրեթե բոլոր շենքերի բակերն են ասֆալտապատվել, քաղաքում Մեխակյան փողոցն է ասֆալտապատվել, Օրջոնիկիձեի 23-25 շենքերի բակերն են ասֆալտապատվել: Քաղաքի բեռնաթափման իմաստով՝ Արամ Մանուկյան թաղամասի գլխավոր փողոցն է ասֆալտապատվել: Այս տարի ևս նախատեսում ենք հիմնականում ասֆալտապատման աշխատանքներ»:
Անցյալ տարի Էջմիածնի բյուջեի միջոցներով ասֆալտապատվել է ընդհանուր առմամբ 21 հազար քառակուսի մետր։ Բարեկարգված փողոցներում տեղադրվել են նոր աղբամաններ: Իսկ 2021թ-ի աշխատանքները նորովի պետք է ներկայացնեն քաղաքը թե՛ բնակչին, թե՛ հյուրին: