Լոս Անջելեսից Տոկիո` 3 ժամում. ամերիկյան նոր գերձայնային օդանավը, որը 3700-6000 կմ/ժամ արագություն կզարգացնի, շուկայում կլինի 2026-ին

Nor inqnatir

Ֆլորիդայում գործող Aerion ավիաաշինական ընկերությունն աշխատում է նորագույն գերձայնային օդանավի մշակման ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի Լոս Անջելեսից Տոկիո ուղևորվել երեք ժամում:

Ինչպես փոխանցում է CNN-ը` հղում անելով ընկերության հաղորդագրությանը, ինքնաթիռը հասանելի կլինի մինչև տասնամյակի վերջ: Aerion AS3 օդանավը, որը կկարողանա թռչել Մախ 4+ արագությամբ, նախատեսված է լինելու կոմերցիոն չվերթների համար: Գերարագ օդանավը մեկ չվերթի ժամանակ մինչև 50 ուղևոր կտեղափոխի և կկարողանա մոտ 13 000 կմ տարածություն անցնել:

«Մեր տեսլականն այն է, որ մարդկությունն ապագայում կարողանա ցանկացած կետից մյուսը հասնել 3 ժամում: Մենք պետք է ընդլայնենք հնարավորի սահմանները»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Թոմ Վայսը:

Ենթադրվում է, որ օդանավը կզարգացնի 3700-6000 կմ/ժամ արագություն, որը մոտ 7 անգամ գերազանցում է երկար տարածություն անցնող սովորական օդանավերի արագության ցուցանիշը: Ներկա պահին մասնագետներն աշխատում են կոնցեպտն ու դիզայնը ավարտական տեսքի բերելու ուղղությամբ:

Ենթադրվում է, որ Նյու Յորքից Լոնդոն ընկած տարածությունն օդանավը կհաղթահարի 4,5 ժամում: Ընկերությունը մտադիր է օդանավը շուկա հանել 2026 թվականին:

tert.am

Ձեզ կհետաքրքրի...