Մենք իրապես եւ խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները զինված ուժերի կազմակերպման բոլոր առումներով. Ավինյան
Կոմանդոսն իր մեծագույն դերակատարությունն է ունեցել Արցախյան առաջին պատերազմում, եւ դրական արդյունքներում նաեւ իր մեծ ներդրումը կա: Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Սա մեծ կորուստ է մեզ համար: Կոմանդոսը, որպես օրինակ, պետք է ծառայի մեր զինված ուժերի համար, մեր զինծառայողների համար, եւ իր կերպարը, կարծում եմ, մեր պատմության մեջ տարիներով դաջված է մնալու»:
Հարցին՝ հիմա քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որպեսզի Արցախին պատկանող տարածքները կրկին վերադարձվեն, կամ հիմա կա՞ այն տեսլականը, որ Կոմանդոսի երազած բանակը ձեւավորվի, փոխվարչապետը պատասխանեց.
«Հիմա զինված ուժերի բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել, եւ պաշտպանության նախարարը գլխավորում է բարեփոխումների աշխատանքային խումբը: Կարծում եմ՝ մենք իրապես եւ խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները զինված ուժերի կազմակերպման բոլոր առումներով՝ ե՛ւ առաջին գծի մասին է խոսքը, ե՛ւ տեխնիկայի, ե՛ւ թիկունքի»:
Նա ընդգծեց՝ փաստահավաք խումբը, որը պետք է գործի զինված ուժերի բարեփոխումների խմբի ներքո, պետք է տա շատ եւ շատ հարցերի պատասխաններ՝ միտված ապագային, միտված զինված ուժերի զարգացմանը:
«Կարծում եմ՝ հիմա բավականին արագ տեմպերով մենք այդ աշխատանքները պետք է առաջ մղենք, շատ մեծ ուշադրություն դարձնենք ռազմարդյունաբերության ոլորտին, որովհետեւ նաեւ պատերազմի մեր փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում՝ ե՛ւ օդում, ե՛ւ ցամաքում: Շատ եւ շատ աշխատանքներ մենք պետք է կարողանանք իրականացնել ՀՀ տարածքում, այդ իսկ պատճառով ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը եւ վերաբերմունքն էականորեն պետք է փոխվեն բոլոր գերատեսչությունների մակարդակով: Ես կարծում եմ, որ ռազմարդյունաբերության ոլորտը զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում շատ կարեւոր դերակատարում ունի»,- եզրափակեց Ավինյանը:
armtimes.com