Պարզվել է Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով Mazda-ի մահացած վարորդի, նրա վիրավոր կնոջ, 2 անչափահաս երեխաների և Mercedes-ի վարորդի ինքնությունը.
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևրոր գործերով ավագ քննիչ Նարեկ Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ ապրիլի 1-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda-ն վարել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 40-ամյա Մհեր Ռաշոյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Անուշավան Մանուկյանը: Վթարի հետևանքով Մ. Ռաշոյանը տեղում մահացել էր, նրա ուղևորներ, կինը՝ 39-ամյա Թ. Շահվերդյանը, 5-ամյա Ալեքս Ռ.-ն, 7-ամյա Ռուբիկ Ռ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: