Վերադարձ զենքի՞ն․ ԱԺ հանձնաժողովում քննարկվել է քաղաքացիների՝ զենք կրելու իրավունքի հարցը

zenqer

 Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ  առաջարկող նախագիծը։ Դրա հեղինակ պատգամավորներն առաջարկում են զենք կրելու իրավունք տալ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ պայմանավորված վերջին իրադարձություններով։ Նախագիծը հանձնաժողովում քննարկվել, բայց չի քվեարկվել՝ հեղինակների առաջարկով։   

Զենք կրելու իրավունք տալ միայն սահմանամերձ բնակավայրերի՞, թե՞ ամբողջ հանրապետության բնակիչներին․ այս հարցը հանձնաժողովի նիստում քննարկվեց, բայց վերջնական եզրակացության չեկան։ Պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել  «Զենքի մասին» օրենքում ու զենք կրելու իրավունք տալ սահմանամերձ բնակվայրերի բնակիչներին։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ փոփոխությունն անհրաժեշտ է՝ պայմանավորված վերջին պատերազմով ու դրան հաջորդած զարգացումներով․

«Սահմանամերձ գյուղերին զենքի հետ կապված նման կարգավորումներն անհրաժեշտ են, բայց դա պետք է լինի տրամաբանված, մտածված՝ սկսած զենքի պահպանությունից, վերջացրած օգտագործումից։ Գյուղացին պետք է աշխատի և իր տանն ունենա միջոց, որով անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իրեն»,-ասաց Քոչարյանը։

Նախագծում նշվում է միայն սահմանամերձ բնակավայրերի մասին, բայց հեղինակներից Սերգեյ Բագրատյանն ասաց, որ քննարկում են նաև ողջ բնակչության զենք կրելու իրավունքի հարցը։ Նկատեց՝ դա անհրաժեշտ է, բայց կան բազմաթիվ ռիսկեր․

«Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքների, այլ ամբողջ բնակչության զենք կրելու հարցը,  հետևաբար, մենք չենք շտապելու: Հայտնի ճշմարտություն է, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»,-նշեց Բագրատյանը։

Հարցի քննարկումը հետաձգվեց երկու ամսով․ հեղինակ ու Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց՝ կա մեծ փաթեթ, որն առավել ամբողջական կարգավորումներ է առաջարկում, բացի դա՝ պետք է ներկայացվեն նաև վիճակագրական, վերլուծական տվյալներ։ Արդյո՞ք կառավարությունն է մշակում այդ փաթեթը՝ պատգամավորը չմանրամասնեց, իսկ  կառավարության տեսակետը նիստի ընթացքում չներկայացվեց։

Ի դեպ՝ այն մասին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք կրելու իրավունք տալու նպատակով փոփոխություններ են նախատեսվում «Զենքի մասին» օրենքում, պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրատվամիջոցներին հայտնել էր դեռ երկու ամիս առաջ, նախագիծը հասել էր հանձնաժողով՝ փաստորեն, առանց վերջնական ճշգրտումների։ 

 

hy.armradio.am

 

Ձեզ կհետաքրքրի...