Ադրբեջանում ջիհադականները խոշտանգել են հայ գերիներին. ցեղասպանության սպառնալիքը շարունակվում է. The Stream
Լիբանանահայ քույրեր ՝ Մարալ և Անի Նաջարյանները, անցյալ տարվա օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո Լիբանանից տեղափոխվում են Արցախի հայկական Հանրապետություն՝ խաղաղ կյանքի հույսով, բայց փոխարենը հայտնվում են պատերազմի մեջ. The Stream պարբերականում գրում է լրագրող Ուզայ Բուլութը: Նրանց՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն, ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին: «44 օր շարունակ Ադրբեջանը հրետակոծել է բնակելի տներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ»,- գրել է հեղինակը: Տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահան են արվել իրենց պատմական հայրենիքից: Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հայերին թիրախավորել նույնիսկ նոյեմբերի հայտարարությունից հետո՝ հրապարակելով հայերի դեմ իրենց իրականացրած ոճրագործությունների՝ գլխատումների և անդամահատումների տեսագրությունները: Պարբերականը պատմում է Ադրբեջանի իրականացրած պատերազմական մյուս հանցագործությունների ու նրանց զոհերի մասին: Արցախում հայ քրիստոնյաների դեմ բռնություն իրականացնելուց հետո էլ Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին, որոնց ազատ արձակելու կոչերով հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ:
© factor.am