ՀՔԾ պարզաբանումը Ռոբերտ Նազարյանի պաշտպանների հայտարարության առնչությամբ

Nazaryan

 Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆայելյանն այսօր հայտարարություն են տարածել՝ նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է «տպավորություն ստեղծել», որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը»՝ միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:

Այսպիսով, փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ:

Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց՝ պաշտպանների՝ որպես իրավաբանների կոմպետենտությունը»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...