Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է՝ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ 7 տարածքի. Փաշինյան

Aknarkum er

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ 44-օրյա պատերազմի օրերին 3 անգամ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու դրանց չկատարմանը.

«Շատ է շահարկվել այն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԶՈՒ ԳՇ հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո՛, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: ԱԽ այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահն ու Վեհափառ հայրապետը:

Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել կատարվող իրադարձությունների մասին: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետեւ այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետեւ եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի:

Դրանից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով, մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա ասել է՝ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել: Սա շատ կարևոր արձանագրում է. մենք ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձևակերպում կամ ունենք ընդհանուր ձևակերպում՝ իրադրության հաղթահարման: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի ներքին տեղահանվածների հարց է եղել ԼՂ, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ: Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդ՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև սա նոր դետալ է, որ նախկինում չեմ ասել՝ ակնարկ է եղել, որ ոչ թե պետք է տարածքների վերադարձը լինի 5+2 սկզբունքով, այլ պետք է լինի 7 տարածք»:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Ադրբեջանը մի իքս պահից հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»:

Փաշինյանն ընդգծեց, որ Ղարաբաղյան հարցն իրենց իշխանությունը ժառանգել է փակուղային, նախապատերազմական և ետպատերազմական վիճակում.

«Այս մասին են վկայում 2018 ապրիլի 17-ին այս ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները: Այդ օրը Կարեն Բեքարյանի հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, գործընթացը կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական ու անընդունելի են մեզ համար:

Նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ վստահ են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են 2 կողմի համար էլ: Սարգսյանը նշել է, որ այս առումով մենք դաս պետք է համարենք այն, որ այլևս, գոնե տևական ժամանակ, երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու ԼՂ-ի հիմնախնդիրը»:

Վարչապետը հավելեց, որ, ըստ էության, արդեն 2017 թվականին մենք ունեցել ենք վիճակ, երբ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր կարմիր գծերին և հատել դրանք:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...