Ապագայի մասին խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է. Փաշինյան

Pashinyan
 Ապագայի մասին խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է:
Որպես բանակցային հարց՝ այո՛, մենք պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական, այլ որպես բանակցային քաղաքական հարց և պետք է հետևողականորեն շարունակենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձև իրագործումը, որովհետև դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում: Դա ուղղակի աներևակայելի մի բան է, և մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է: Սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի:
— Մենք պետք է պատասխանենք, թե ինչպես է ապահովվում մեր երկրի անվտանգությունը: Պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով: Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն Հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները:
— Այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա և բովանդակային բարեփոխումներ: Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը էականորեն պետք է կարողանանք փոփոխել:
— Մենք հույս ունենք և քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը: Սյունիքի մարզում նաև 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ բավական արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ, Պաշտպանության նախարարն այդ մասին արդեն հայտարարել է: Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները:
— Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով:
— Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ, և այս առումով որևէ մեծ փոփոխություն մենք չենք ունենա:
— Զինված ուժերը ոչ պատերազմական իրադրության ժամանակ պետք է գտնվեն իրենց մշտական տեղակայման վայրերում: Նրանք պետք է 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա բոլոր աշխատանքային օրերին զբաղված լինեն բացառապես մարտական պատրաստության խնդիրներով:

Ձեզ կհետաքրքրի...