Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում իր երկու խորհրդականները խորհուրդ են տվել կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել Զինված ուժերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին:
Գորգիսյանը հետաքրքրվեց, թե Փաշինյանն իր խորհրդականների հետ արդյոք քննարկել է ԳՇ պետի՝ նախորդ տարվա օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ներկայացրած զեկույցը, ի՞նչ խորհուրդ են տվել խորհրդականները:
«Այդ թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք ժամանակին, և երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում եղել է քննարկում, և այդ ժամանակ իմ գլխավոր խորհրդական և ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արտահայտել է իր դիրքորոշումները: Դրանք գաղտնագրված տեղեկություններ են, մենք կքննարկենք նպատակահարմարությունը նաև այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու, եթե տեսնենք, որ դրանից Հայաստանի պետական շահերը չեն տուժում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը գաղտնիք բացեց և ասաց, որ իր երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ: Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, թե ափսոսում է, որ չի հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտի, թե պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելը կփոխեր իրավիճակը, թե ոչ:
«Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակը առնել տիրապետության տակ: Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել ԶՈՒ-ում դեռևս պատերազմի ընթացքում իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ, բայց ես այդ իրավիճակում հնարավոր չեմ համարել դա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ավելի վաղ ասել էր, որ Օնիկ Գասպարյանը 2020թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները»