Խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունք չկա․ Սուրեն Պապիկյանը՝ ՊՈԱԿ-ում կատարված նշանակումների մասին. hetq am

chanaparhner

 Ազգային ժողովում Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում կատարված նշանակումների վերաբերյալ։ Պատգամավորը հարցն ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։

Արմեն Եղիազարյանը թվարկեց, թե ՊՈԱԿ-ի որ աշխատակիցն ինչ բարեկամական/ընկերական կապ ունի ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի հետ և նշեց Մաչյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի կապի մասին։

«Ըստ ձեզ, ձեր գերատեսչությունում դուք ի՞նչ գնահատական եք տալիս այս խնամի-ծանոթ-բարեկամ պրինցիպին, որով հավաքվում են, և ՊՈԱԿ-ների գործողություններն իրականացվում է։ Դուք այն իշխանությունն էիք, որ պետք է բացառեիք սա, սրա մասին շատ եք խոսել, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը ձեր գերատեսչության ներքո»,- հարցրեց Արմեն Եղիազարյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ հրապարկման մեջ նախ նշվում է, որ ՊՈԱԿ-ի տնօրենն ընկերական կապեր ունի կառավարության անդամներից մեկի հետ։

«Կարող ա իմ հետ էլ սրճարանում մի անգամ սուրճ է խմել, կարող է մի անգամ էլ, չգիտեմ, ընտանիքներով հանդիպել ենք․․․ Ժողովուրդ ջան, ախր չի կարելի ամեն ինչ իջեցնել․․․դուք ինքներդ, ես տեսա ձեր լուսանկարը, դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք, էդ ի՞նչ խայտառակ բան ա ստացվում` դուք նույն ֆրակցիայի պատգամավոր եք։ Քաղաքականությունն ու վստահությունը սրա հիման վրա է։ Խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունք չկա»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը։ 

Նախարարը հավելեց, որ մրցութային կարգին համապատասխան մրցույթներ են իրականացվում, և եթե հանիրավի բան է տեղի ունեցել, ծանոթ, խնամի, բարեկամ սկզբունքն է գործել իր ղեկավարած գերատեսչության հովանու տակ, փաստերի առկայության դեպքում կխոսի այդ մասին։

Արձագանքելով նախարարի հայտարարությանը՝ պատգամավորը նշեց, որ համեմատության եզրեր չկան բարձրացված հարցի և Էդմոն Մարուքյանի հետ իր ընկերության փաստի միջև, քանի որ պատգամավորները բյուջետային միջոցներ չեն տնօրինում։

Արմեն Եղիազարյանը հայտարարեց նաև, որ Սուրեն Պապիկյանն այդպես էլ գնահատական չտվեց «ծանոթ, խնամի, բարեկամ» սկզբունքով կատարվող նշանակումներին։ 

Նախարարը նախ արձագանքեց, որ Հայաստանում բարեկամական և ընկերական կապերը շատ են և ամուր են։ Սուրեն Պապիկյանը ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանին համարում է լավ կառավարիչ, որն իրեն դրսևորել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և մասնավոր ոլորտում։ 

«Եվ այդ մարդուն տեսնելով, իր աշխատանքը տեսնելով՝ հրավիրել ենք գերատեսչություն աշխատելու։ Այլ բացատրություն չունեմ»,- եզրափակեց նախարարը։

Հ․Գ․ «Հետք»-ը ՊՈԱԿ-ի նշանակումների վերաբերյալ իր նյութում կասկածի տակ չի դրել Ստեփան Մաչյանի պրոֆեսիոնալիզմը։ Մենք գրել ենք, որ Մաչյանն իր ղեկավարած պետական կառույցում աշխատանքի է ընդունել իր ընկերներին և բարեկամներին՝ ինքն էլ հանդիսանալով նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը։

 

hetq.am

Ձեզ կհետաքրքրի...