Էրդողան. Մեր արտգործնախարարը իր տեղը ցույց տվեց Հունաստանի ԱԳ ղեկավարին

Erdoghan

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին: 

Էրդողանը սատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Հունաստանին հանդիմանելու և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ:

Չավուշօղլու-Դենդիաս համատեղ մամուլի ասուլիսն անցել է թեժ մթնոլորտում: Կողմերը չեն խորշել նախատինքներ հնչեցնելուց:

«Մեր արտգործնախարարը Դենդիասի կեցվածքի դեմ վերջինիս իր տեղը ցույց տվեց, ավելի մեղմ չէր էլ կարող լինել»,-ասել է նա: 

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Հունաստանի ԱԳ ղեկավարի հետ հանդիպմանը առաջարկել է իրենց հարաբերություններում առկա խնդիրների կարգավորման համար չընդգրկել «ուրիշներին», այդ թվում ԵՄ-ին: 

Նա պնդելով, որ Արևմտյան Թրակիայում շուրջ 150.000 իր հայրենակիցն է ապրում, Հունաստանին մեղադրել է վերջիններիս նկատմամբ հոգածություն չցուցաբերելու մեջ:

Էրդողանը դժգոհություն է հայտնել այն առումով, որ Արևմտյան Թրակիայում ապրող թուրքերը չեն կարողանում իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորականներ) ընտրել: 

Նա նշել է, որ ըստ Լոզանի պայմանագրի, Հունաստանն իրավունք չունի մուֆթի նշանակել և հավելել, որ իրենք Թուրքիայում չեն կարողանում  հունաց պատրիարքին նշանակել, փոխարենը վերջինս ընտրվում է Կոնստանդնուպոլսի ուղղափառ տիեզերական պատրիարքության բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող Սինոդի կողմից: 

Նրա խոսքով՝ այդ ամենը հակասում է միջազգային իրավունքին և պատճառ է հանդիսանում թուրք-հունական հարաբերությունների վատթարացման համար: 

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...