«Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»․ Վիկտոր Ենգիբարյանի ելույթը

Engibaryan

«Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»։ ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ելույթ է ունեցել Եվրոնեսթ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում:

Ելույթը ներկայացնում ենք ստորեւ․

 

«Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Ալիևին և պարոն Հալիցկիին:

Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարևորությունը՝ որպես արևելյան գործընկերության վեց երկրների և Եվրամիության ու նրա անդամ պետությունների կառուցողական և վստահելի հարաբերությունների կառուցման հարթակ: Ընդհանուր արժեքները ու ձգտումները Եվրանեսթի ընտանիքի հիմքն են, և կարևոր է առաջնահերթություն տալ փոխադարձ հետաքրքրությունների, ցանկությունների և կարիքների օժանդակմանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցնել փոխզիջումների, որպեսզի հասնենք մեր վեհաժողովի նպատակներին:

2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը՝ Թուրքիայի, Պակիստանի և վարձկանների աջակցությամբ, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա։

Նոր երևան եկած ապացույցների լույսի ներքո հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես ցեղասպանության վտանգ:

Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից և խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության կողմից որդեգրված ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է: Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում շատ ժողովրդավարական երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը. «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»:

Այնուամենայնիվ, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ և ղեկավարներ դատապարտեցին Ադրբեջանին, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս դժվարին ժամանակահատվածում:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումը այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումը Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը:

Ինչպես նշեցի, մենք Եվրանեսթը տեսնում ենք որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար, և մեզ համար շատ կարևոր է, որ այս հարթակը օգնի թուլացնել մեր տարածաշրջանում առկա լարվածությունը և նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Ձեզ կհետաքրքրի...