Լիբանանի նախագահը Երևան այցից առաջ ընդունել է նախարար Վարդինե Օհանյանին և ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը
Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայաստան այցից առաջ ընդունել է Երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: Ինչպես հայտնում է Լիբանանի նախագահի պաշտոնական էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Աունն Օհանյանի միջոցով իր ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Երևան կատարելիք այցելությանը նախարար Օհանյանը կներկայացնի Լիբանանի Հանրապետության նախագահին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է Լիբանանի նախագահի էջում։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:
Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի պատգամավորների պալատը որոշում է ընդունել 1997թ. ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000թ. մայիսի 11-ին: