Նոր Նորքի գետնանցումներից մեկում 16-ամյա պատանու են դանակահարել

getnancum

 Ոստիկանությունից հայտում են, որ ապրիլի 20-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։ Նա հայտնել էր, որ Գալշոյան փողոցում ընկելիս է ստացել վնասվածքը։

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալ:

Չնայած երիտասարդի հայտնածին՝ իրավապահները կասկածներ ունեին, որ վնասվածքը սուր-կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր, ինչը պարզելու ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ պատանին դանակահարվել էր Նոր Նորքի 6-րդ զանգվածի գետնանցումներից մեկում։ Ճշտվեց նաև դանակահարողի ինքնությունը՝ Երևանի 17-ամյա բնակիչ էր։ Նա ապրիլի 21-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր:

Ձեզ կհետաքրքրի...