ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՝ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ

Haghordum

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Ադոնայի իրավապաշտպան ՀԿ-ի ՝ Նախագահ՝ Արտակ Գալստյանից

Հասցե: ք.Երևան, Գայի պողոտա 2-րդ շենք 136 տարածք Հաղորդում հանցագործության մասին
ՀՀ սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
ՀՀ սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ:
Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:
ՀՀ սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է ՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը (…) վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Սահմանադրության այս հոդվածների վերլուծության արդյունքում գտնում եմ, որ Վարչապետը և կառավարության անդամները տարբեր սուբյեկտներ են ՝ տարբեր լիազորություններով օժտված: Այլ կերպ ասած ՀՀ վարչապետը կառավարության ղեկավարն է, այլ ոչ թե անդամը և նրա հրաժարականի դեպքում կառավարությունը նույնպես ներկայացնում է հրաժարական, բայց շարունակում է պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը, իսկ վարչապետի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է փոխվարչապետերից մեկը:
Ինչպես տեսնում ենք ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում ՀՀ Վարչապետի հրաժարականից հետո նրա պաշտոնավարման որևիցե կառուցակարգ, նրա փոխարեն պետք է պաշտոնավարի փոխվարչապետերից մեկը:
25.04.2021թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11:00-ին հանդես է եկել տեսաուղերձով, որով հայտնել է հանրությանը իր հրաժարականի մասին:
Տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ հրաժարականից հետո շարունակելու է իրականացնել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ և սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով ՝ տես տեսաուղեձի 2:41-րդ րոպեից 2:58 րոպեն:
ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում իշխանության յուրացման համար, որը արտահայտվում է նաև Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելու` իշխանությունը պահելու եղանակով և պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Կարծում եմ, որ արդեն նախկին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առերևույթ առկա է ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հանցագործության հատկանիշներ:
Ելնելով վերոգրյալից խնդրում եմ տալ իրավական գնահատական նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին:
Արտակ Գալստյան
25.04.2021թ

Ձեզ կհետաքրքրի...