Թուրք այլախոհների խումբ. «Դուք մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում»
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում:
Խումբը մեջբերել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), ում 1915թ. մայիսին Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան բարձրացրին, դատարանում ինքնապաշտպանական ճառի ժամանակ ասել էր հետևյալը. Ի՞նչ է մնացել, որ չենք արել այս երկրի բարօրության համար: Շատ ինքնազոհությունների ենք գնացել հայերի և թուրքերի եղբայրությունն ապահովելու համար: Որքան էներգիա ենք սպառել, որքան շատ արյուն ենք թափել: Դուք ոչ միայն չեք սահմանափակվել մեր ջանքերն անտեսելով, այլև գիտակցաբար փորձել եք ոչնչացնել մեզ»:
Խումբն այնուհետև դիմելով Թուրքիայի իշխանությանն ու հասարակությանը՝ գրել է. «Դուք մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում: 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կիսում ենք հայ ժողովրդի ցավը»:
Գրառումը եզրափակվել է #ArmenianGenocide հեշթեգով: