100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին. ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:
Ինչպես փոխանցում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, ամերիկացի կոնգրեսականները նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը:
Նամակում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը նշել են. «Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարությունն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և «Քովիդ-19»-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»:
Նամակում կոնգրեսակնները կոչ են անում 100 մլն դոլարի շրջանակում 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին:
Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: