ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական հանձնարարությամբ։
Ի պաշտպանություն արժանապատիվ սյունեցիների, ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու, նրանց կտտանքի ենթարկելու դեպքերի առիթով քրեական գործեր հարուցելու պահանջներով Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց, անցկացվեց բազմամարդ քաղաքական հրատապ ակցիա: Գլխավոր դատախազից այս հարցով պարզաբանումներ ստանալու՝ քաղաքացիների պահանջը ոչ միայն անտեսվեց, այլև ոստիկանությունն իր ագրեսիվ գործողություններով, անգամ՝ մարմնական վնաս հասցնելով, բերման ենթարկեց տասից ավելի անձանց:
Իրավապահ մարմինների հանցավոր վարքագիծը ստիպում է արժանապատիվ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրավունքները: Ոստիկանությունը վերածվել է իշխանության և հատկապես վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատվերն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիվ գործիքի: Ակնհայտ է, որ քննչական մարմիններն ու դատախազությունը ստանձնել են իշխանության հանցագործություններն օրինականացնելու անպատվաբեր դերակատարությունը: Վերջին ժամանակաշրջանում Երևանում և մարզերում նկատելի է ՀՅԴ կառույցի թիրախավորումը: Քաղաքական հետապնդումները կրում են շարունակական բնույթ: