Ինչ է սպասվում Արցախում. Ջո Բայդենի առաջին ուղերձը Կոնգրեսին

Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ կարգավիճակում առաջին անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին:

Բայդենը Կոնգրեսին հղած ուղերձում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությանը, նշելով, որ չնայած դիմակայությանը, այնտեղ, որտեղ շահերը համընկնում են՝ Վաշինգտոնը կաշխատի Մոսկվայի հետ: Բայդենը բերել է երկու օրինակ՝ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագրի շարունակությունը, ինչպես նաև կլիմայի բարելավման վերաբերյալ աշխատանքը: Ամերիկա-ռուսական հարաբերությունը անշուշտ հսկայական կարևորություն ունի նաև Հայաստանի համար, ինչի մասին խոսել եմ բազմիցս, ու այդ համատեքստում մեզ ներկայումս հետաքրքրում է իհարկե հարցը, թե արդյո՞ք Կովկասում կա ամերիկա-ռուսական շահի համադրության հեռանկար, արդյո՞ք Արցախի հարցում կա ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի ներուժ:

Առայժմ, դժբախտաբար, մենք դարձել ենք հակառակի՝ ամերիկա-ռուսական դիմակայության հետևանքի ականատես, ու դժբախտաբար ոչ միայն ականատես՝ մենք այդ հետևանքը զգացել ենք մեր մաշկի վրա, հազարավոր մեր հայրենակիցների կորստի, տարածքների կորստի բերած պատերազմի տեսքով: Ամերիկա-ռուսական դիմակայությունը հանգեցրել է նրան, որ Կովկասում ուժգնացել է Թուրքիայի դերը, Թուրքիան հաստատվել է Կովկասում և Ռուսաստանին պարտադրել իր հետ գործակցությունը: ԱՄՆ հետ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանի համար Թուրքիան դիտվում է այդ դիմակայությանը ներուժի մաս: Իր հերթին, ԱՄՆ համար էլ Թուրքիան գործիք է ՌԴ դեմ: Մինչ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Թուրքիան դիտարկում են միմյանց դեմ, այդ իրողությունից կարողանում է օգտվել Թուրքիան: Ու չնայած այդ իրավիճակը թերևս լրջորեն խաբուսիկ է նաև հենց Անկարայի համար,  այդուհանդերձ մինչ էրդողանյան կայսերական հավակնությունները «կոտրած տաշտակի» առաջ հայտնվելը, Հայաստանը դժբախտաբար զգում է առկա իրավիճակի հետևանքը: Ըստ այդմ, եթե նշմարվի Արցախի, Կովկասի հարցում ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի տրամադրվածություն, դա կարող է բարվոք ռեժիմ լինել Հայաստանի համար:

Մյուս կողմից, Հայաստանը պետք է ոչ միայն սպասի այդ ռեժիմին, այլ փորձի իր հերթին նպաստել այդ ռեժիմի ձևավորմանը կամ առաջմղմանը: Սա շատ բարդ խնդիր է, հաշվի առնելով այն, որ լայն իմաստով այդուհանդերձ ամերիկա-ռուսական դիմակայությունը ոչ թե թուլանում է, այլ դրսևորում աճման միտում: Սա իր հերթին բերում է նրան, որ աճման միտում է դրսևորում Հայաստանը լիակատար ենթակայության տակ պահելու ռուսական ձգտումը: Ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այդ փակուղուց, գտնելով Արցախի հարցում ամերիկա-ռուսական շահի համադրման ուղղությամբ իր անելիքը: Այստեղ կարող է միջանկյալ կարևոր օղակ լինել Ֆրանսիան, որի ուղղությամբ թերևս պետք է նկատելիորեն աշխուժացնել դիվանագիտական-քաղաքական աշխատանքը։

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...