«SOS» հաղորդման համահեղինակ Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Վիլեն Գայֆեջյանից: Նա նշեց, որ պատրաստվում է նպաստել Երեւան քաղաքի բարեկարգմանն ու քաղաքաշինական առումով զարգացմանը:
Վիլեն Գայֆեջյանը ավագանու մանդատը կստանա այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ջավախյանն իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի երեւանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երեւանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին ու Երեւանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ եւ բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,- գրել էր նա:
Նշենք, որ Վիլեն Գայֆեջյանը լայն հանրությանը հայտնի է դարձել «SOS» հաղորդաշարից: Ուշագրավ էր 2015 թվականին հաղորդաշարի շրջանակներում հրապարակած ՀՀ ոստիկանությանն ու իշխանություններին քննադատող «L’anmoruk» խորագրով տեսանյութի հրապարակումը:
armtimes.com