Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. 4 վիրավորներից մեկի ոտքը կտրվել է.
Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել են BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի 36 VP 507 համարանիշի ավտոմեքենայի միջև բախում է տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջավաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարական խումբը։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։