Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավայրում չի զիջվել. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ հերքելով համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք:
Մարզպետարանից հայտնում են՝ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Հայ-ադրբեջանական սահմանագիծը, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, և այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավայրում չի զիջվել։
Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում»,- ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ: