ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել

amn

 ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:

Նա դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին:

Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Ձեզ կհետաքրքրի...