ԶՈՒ-ում տարվող մեծածավալ աշխատանքը մեծամասամբ հասանելի չէ հանրությանը. ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետը՝ Մարուքյանին

HH ZU

 Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյան։ Նա գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ Մարուքյանը մերկապարանոց մեղադրանքներ է իրեն թույլ տվել։

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։ Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական։ Գուցե պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը. դա իրենց խնդիրն է և որևէ հիմք չի տալիս չփաստարկված մտքեր արտահայտելուն: Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների:

Իսկ իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը»,- ասվում է Սամվել Ասատրյանի գրառման մեջ:

Ձեզ կհետաքրքրի...