Ցուցակների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. այլ կարևոր փոփոխություններ ևս «Ընտրական օրենսգրքում» կան. armtimes

1in demqer

 Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթը, որ մի շարք առանցքային փոփոխություններ է նախատեսում:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ 18:30-ին գումարվելիք արտահերթ նիստում: Մինչ այդ պատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել: 

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները երեկ վստահեցրին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ֆիզիկապես չեն հասցնի բոլոր իրավական գործընթացներն անցնել: Մինչ նախագծի վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը անդրադառնալը ներկայացնենք մի շարք առանցքային փոփոխություններ: 

փոփոխություններ

Փաթեթով առաջարկվում է՝ նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում առաջարկվում է 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից՝  7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաեւ քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձեւավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է  մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք համաձայնության ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Եթե 14 օրում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձեւավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է  մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Հաջորդ փոփոխությունը՝ հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում. ֆինանսական ծախսերը կլինեն ավելի թափանցիկ, մասնավորապես՝ եթե նախկինում անվճար գույք կամ այլ ծառայություն էր տրամադրվում, եւ այն հնարավոր էր չհայտարարագրել, հիմա արդեն հնարավոր չի լինի:

Մյուս փոփոխությունը հետեւյալն է. նախորդ ընտրություններին ներդրված Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների միջեւ բանավեճերի կարգը ստանում է օրենքի ուժ: Ամրագրվում է, որ Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստատեսությունը պարտավորվում են նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կազմակերպել հեռուստաբանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ ԱԺ ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տեւողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն մեկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների 1-ին համարները։

Մյուս առանցքային փոփոխությունն այն է, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները քվեարկությունից հետո երկօրյա ժամկետում հրապարակվելու են ԿԸՀ-ի համացանցային կայքում:

քննարկում

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը, որը ղեկավարում էր 7-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից հետո Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ձեւավորված աշխատանքային խումբը:

Դանիելյանը հիշեցրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտին, ապա ուղարկվել Վենետիկի հանձնաժողով եւ ստացվել դրական եզրակացություն: Հիշեցրեց նաեւ, որ ամբողջական փաթեթից առանձնացվել եւ ավելի վաղ ընդունվել են նաեւ պարզ համամասնական ընտրակարգին անցման եւ ռեյտինգայինից հրաժարման դրույթը, ինչպես նաեւ ընտրախախտումների սանկցիաները խստացնող, վարչական եւ  քրեական պատասխանատվության նոր միջոցներ սահմանող մասերը:

Դանիելյանն ասաց, որ քանի որ մայիսի 10-ին նախատեսված է վարչապետի ընտրություն, եւ վարչապետ չընտրվելու դեպքում գործող խորհրդարանն արձակվելու է, ուստի որոշվել է արագ ընթացակարգով ընդունել ԸՕ փոփոխությունները՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» խմբակցությունը այդպիսի հանձնառություն էր վերցրել:

Ասաց նաեւ, որ որոշ դրույթներ դուրս են եկել նախնական նախագծից, ինչպես օրինակ, երրորդ անձանց ինստիտուտի ներդրումը: Ընդգծեց՝ այդ դրույթի կապակցությամբ եղել են մտահոգություններ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը սկզբնական փուլում ներգրավված էր փոփոխությունների մշակման աշխատանքներին, իսկ հետո հրաժարվեց դրանից, հետաքրքրվեց, թե նախագծի վերջնական տարբերակը ո՞ւմ հետ են քննարկել, արդյոք այն քննարկվել է փակ դռների ետեւո՞ւմ:

«Փակ դռների հետեւում, այն է՝ աշխատանքային կարգով քննարկել ենք նաեւ ձեզ հետ, դա աշխատանքային կարգ է, որեւէ վատ բան չկա: Ասում եք փետրվարին եղած նախագիծը փոփոխվել է. փոփոխվել է եւ դուք որեւէ առաջարկ չեք արել: Գործընկերության ոգին դուք ինքներդ խախտեցիք այն պահից, երբ հրապարակային հայտարարեցիք, թե իբրեւ ԸՕ փոփոխությունները իշխանությունը իրականացնում են, որովհետեւ գրանտներ է կերել եւ գրանտներ պետք է արդարացնի: Դրա համար, երբ որ խոսում եք գործընկերությունից, ես կարծում եմ՝ արժե հավատարիմ մնալ որոշակի նվազագույն խաղի կանոնների»,- արձագանքեց  Դանիելյանը:

Գորգիսյանը նշեց, որ իր խոսքն ուղղված է եղել մի ՀԿ-ի, որի ամեն գրառումից հետո իշխող խմբակցությունը նախաձեռնություն է բերում: «Ցավում եմ, որ մի ամբողջ խմբակցություն գերի է դարձել սույն ՀԿ-ին կամ անձին»,- հավելեց ԼՀԿ-ական պատգամավորը:

«Ինձ ծանոթ չէ որեւէ ՀԿ, որը կարողանա օրենսդրություն ընդունել, էնպես որ եկեք հիմա մի փորձեք նահանջել ձեր խոսքից, հրապարակավ արտահայտված: Երկրորդ, չկա որեւէ ՀԿ կամ այլ կառույց, որն ունի ազդեցություն, եւ «Իմ քայլը» դրա գերին է»,- ասաց Դանիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով գերի լինելու վերաբերյալ հայտարարությանը, նկատեց, որ դա կոչվում է ներառական աշխատանք, եւ ընդգծեց՝ որոշ ՀԿ-ներ եւ այլ կազմակերպություններ ու անհատներ եղել են շատ ակտիվ փոփոխությունների մշակմանը օգնելու հարցում, ի տարբերություն խորհրդարանական գործընկերների:

Նախագծի քննարկման ընթացքում հետաքրքիր առաջարկներով հանդես եկավ որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հիշեցնելով, որ 2018-ի ԱԺ ընտրություններից հետո բոլորը սպասում էին ԸՕ փոփոխություններին, Հովսեփյանն ասաց, որ լավ կլիներ, եթե դրանում ներառվեր մի դրույթ, որը հնարավորություն կտար ընտրողին՝ հետ կանչել իր ընտրած պատգամավորին: Սրանով, ըստ նրա, պատգամավորը չի լինի զուտ աթոռ զբաղեցնող կամ մանդատ կրող: Եթե պատգամավորը չի կատարում իր պարտականությունները, ըստ Հովսեփյանի, ընտրողը պետք է կարողանա նրան փոխարինել մեկ ուրիշով:

Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը՝ որպես արտախորհրդարանական ուժ, մասնակցել է քննարկումներին,  եւ ինքը կողմ է քվեարկելու:

Կառավարության եզրակացությունը ներկայացնելու ընթացքում Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ փոփոխությունները բխում են Կառավարության հաստատած դատական ու իրավական բարեփոխումների ծրագրից` ամփոփելով ընտրական բարեփոխումների կարեւոր փուլը, որը սկսել է պարզ համամասնական համակարգի անցնելուն միտված փոփոխությամբ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, եզրափակելով քննարկումը, ասաց, որ առաջարկվող փոփոխությունները Հայաստանում տասնամյակներ շարունակ պահանջել են ընդդիմադիր ուժերն ու տարբեր կազմակերպություններ: Նշեց՝ դրանք բոլորն ընդգրկված են այս փաթեթում՝ կարծիք հայտնելով, որ այն արժանվույնս կգնահատվի:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...