Մանկապարտեզների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։
Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը և երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն և սանիտարական կանոնների պահանջները։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի` անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց։
Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները պետք է կազմակերպվեն՝ ապահովելով սահմանված կանոնների պահանջները։
Ինչպես նաև, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), դասարանը կամ խումբը 14-օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման։