ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

YO

ԱԺ-ն արտահերթ նիստում 81 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը ներկայացրեց նախագիծը: «Հստակեցվել է ընտրությունների անցկացման կարգը ռազմական և արտակարգ դրությունների պայմաններում՝ հնարավորություն տալով որոշակի դեպքերում ընտրություններ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում: 

Ընտրությունների հրապարակայնության հետ կապված ԿԸՀ կայքը մեծապես հեշտացնելու է կուսակցությունների թեկնածուների, վստահված անձանց ու լրատվամիջոցների գործունեությունը: 

Ընտրողների ցուցակների հետ կապված կարևոր փոփոխություն է եղել, որ հնարավորություն է տալու, մեր հաշվարկներով՝ մինչև 200 հազար անձանց անուն հանել ընտրողների ցուցակից: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր: Սա մեծ մասամբ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում չեն եղել երկար ժամանակ, բայց միաժամանակ երաշխավորելու է անգամ այդ պարագայում նման փաստաթուղթ ունեցող քաղաքացիների քվեարկությունը:

Նախընտրական քարոզչությունը ԶԼՄ-ներում. որոշակի կարգավորումներ, որ նախատեսված են վերգետնյա հեռուստաընկերությունների համար, տարածվելու են նաև կաբելային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունների նկատմամբ:

Բանավեճեր, ընդ որում՝ ոչ միայն ԱԺ, այլև որոշ տեսակի ամենախոշոր ՏԻՄ ընտրությունների ժամանակ: 

Նախընտրական քարոզչությունը համացանցում. այստեղ նաև պարտադրվել է քաղաքական գովազդ իրականացնելու հետ կապված ծախսերը փաստաթղթավորել ու հրապարակել:

Ֆինանսական թափանցիկության առումով պարտադիր է լինելու այնպիսի առանցքային ծախսերի հայտարարագրումը, ինչպիսին է՝ շտաբների վարձակալությունը և անձնակազմի աշխատավարձը:

Ընտրակաշառքի կանխարգելման առումով մենք մեկ քայլ առաջ ենք գնում. բարեգործական կազմակերպությունները, որ անուղղակի առնչություն ունեն թեկնածուների հետ, չեն կարող բարեգործություն իրականացնել: 

Կանոնակարգվում է քարոզչությունը քվեարկության և դրա նախորդ օրը. արգելվում քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում որևէ անձի շարունակական ներկայությունը:

Հստակեցվել ու սահմանվել է վարչական ռեսուրսի կիրառում հասկացությունը, բացի այդ՝ հստակեցվել է քաղծառայողների հետ կապված քաղաքական զսպվածության սկզբունքի, վարքի կանոնները:

Ընտրական հանձնաժողովների հետ կապված մենք ավելացրել ենք արգելք. ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող դառնալ մարդիկ, որ ունեն Քրեական օրենսգրքի 149-154-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի (ընտրական հանցագործություններ) համար դատվածություն, անկախ նրանից՝ դա հանվա՞ծ է, թե՞ մարված: 

ԱԺ ընտրակարգի հետ կապված առանցքային մի քանի փոփոխություններ են կատարվել. կուսակցությունների համար ընտրական գրավի չափի նվազեցում, ԱԺ անցողիկ շեմի վերանայում՝ հօգուտ կուսակցությունների, կայուն մեծամասնության սահմանաչափի վերանայում՝ նվազեցման հաշվին»,- տեղեկացրեց Դանիելյանը:

Նշենք, որ նախագծով սահմանված դրույթների մի մասն ուժի մեջ կմտնի 2022 թ., մի մասը՝ 2023 թ. հունվարի 1-ից:

Հեղինակ`Արման Գալոյան
1lurer.am

 

Ձեզ կհետաքրքրի...