Ի՞նչ է կատարվում Իշխանասարում․ հովիվները «սալամ» բառից են հասկացել, որ մոտեցողներն ադրբեջանցի են
Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ Սև լճի տարածքում դեպի հայկական դիրքերն առաջ եկած հակառակորդի ուժերը բարևել են մեր հովվին, որը սկզբում կարծել է, թե ռուսներն են։ Միայն «սալամ» բառից է հայ հովիվը տարբերել՝ որ ադրբեջանցիներն են՝ «Ռադիոլուրին» ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Համացանցում տարածված լուրերին, թե հակառակորդը ցանկանում է տիրապետություն ունենալ այն ճանապարհի վրա, որը Իշխանասարը կապում է Մեղրիին, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը արձագանքում է՝ աշխարհագրորեն ոչ մի կերպ Մեղրին չի կապվում Իշխանասարի հետ։ «Իշխանասարը Սիսիանի և Գորիսի արանքում է, ոչ մի կապ չունի Մեղրիի հետ․ Երևանից գալիս ձախ կողմի վրա է գտնվում՝ Գորիսից ձախ»,–ասում է Մխիթար Զաքարյանը։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն էլ տեղեկությունն չունի որևէ ճանապարհի մասին։
«Թուրքը GPS-ով գծած հատվածից առաջ է եկել մեր տարածք։ Ես չեմ սիրում անիմաստ հայտարարություններ անել։ Առաջ են եկել․Սև լիճն է ու կա ջրամբար։ Քարտեզագրումով այդ ջրամաբարը մեր տարածքում է գտնվում, հիմա խոսքը կարծում եմ այդ ջրամբարի մասին է, որը ստրատեգիական նշանակության է, և որից օգտվում է ողջ տարածաշրջանը»,–ասում է Մենուա Հովսեփյանը։
Սիսիանի Իշխանասար բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանի խոսքով՝ դիրքերը գյուղից մոտ 7-8 կմ հեռավորության վրա են։ «Իշխանասար գյուղը 1000 կմ վարչական տարածք ունի։ Բնակավայրում հանգիստ վիճակ է։ Ժողովուրդն իր համար շնչում է, ազատ ման է գալիս, իրենց անասունն են պահում։ Հին ու նոր ճանապարհ չգիտեմ։ 10-20 ճանապարհ կա, որ տանում է դեպի այդ սարը»,–ասում է վարչական շրջանի ղեկավարը։
Վերջին տեղեկություններով՝ հակառակորդը նոր դրած վրանները հավաքած հետ է գնացել դեպի ելման դիրքեր, իսկ կեսօրից հետո հայկական կողմից բանակցողներին միացել են ռուս սահմանապահները։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը նշեց, որ վրանների մի մասը օրվա ընթացքում են դեռ հավաքել։« Վրանների հավաքումը շուտվանից է սկսվել, օրվա ընթացքում մի քանի տեղ նահանջել են, չգիտեմ կոնկրետ, իրավիճակը ավելի ուշ պարզ կլինի»,–ասաց Մենուա Հովսեփյանը։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ նա բանակցողների մեջ էր։
Պատկան կառույցները պարբերաբար հորդորում են չտարածել չհիմնավորված տեղեկություններ։ Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։«Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,–ասված է հայտարության մեջ։