Պետական դավաճանության գործով առաջին նիստը. ամբաստանյալի կնոջը բերման ենթարկելու որոշում կայացվեց

Lrtes

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի  նախագահությամբ այսօր սկսվեց պետական դավաճանության գործով առաջին դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանցից միայն Մայիս Սահակյանն է գտնվում կալանքի տակ: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացվել միայն ամուսինը, իսկ կինը թեեւ ծանուցվել էր, բայց  դատարան չէր ներկայացել: Նիստին չէր ներկայացել նաեւ ամբաստանյալների պաշտպանը: Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ հնարավոր է տեղեկացված լինեք, թե ինչո՞ւ Ստելլա Սարգսյանը չի ներկայացել նիստին, ամբաստանյալը պատասխանեց. «պարո՛ն դատավոր, երեւի երեխայի հետ ա կապված եղել, որ չի ներկայացել»:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց նման պայմաններում հետաձգել  դատական նիստը եւ նշանակել այլ հերթի. «Միեւնույն ժամանակ, զեկուցվեց, որ Ստելլա Սարգսյանը եւ երկու վկաները պատշաճ ծանուցված են այսօրվա դատական նիստի համար, բայց չեն ներկայացել, ուստի այս պայմաններում միջնորդում եմ պատշաճ ծանուցված ամբաստանյալին եւ վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել»,- ասաց մեղադրող դատախազը:

Պաշտպանի բացակայության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստյալ Մայիս Սահակյանն էլ ասաց. «ես էլ կարող եմ պաշտպանել իմ իրավունքները»: Նա, սակայն, նիստը հետաձգելու դեմ առարակություն չուներ: «Ես միայն միջնորդում եմ բացել իմ զանգերը եւ տեսակցությունները, որ կապ հաստատեմ իմանամ ինչի չեն եկել»,- ասաց Սահակյանը: Նրա այս միջնորդությունը սակայն կքննվի կողմերի մասնակցության պայմաններում:

Այսպիսով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 6-ին:

Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ստելլա Սասունի Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքայինան անձեռնամխելիության և արտաքին անվտանգության:

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝  ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում:  «Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս  Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես, քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։

«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1 500 դոլար գումար»,- հայտնում են ծառայությունից։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...