Կազմակերպել են կեղծ ավտովթար.մեղադրանք է առաջադրվել երեք անձի

qnchakan komite

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր, և կազմակերպել կեղծ ավտովթար: Վարորդներից մեկը՝ 33-ամյա տղամարդը, պատահարի և ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու մասին տեղեկացրել է ԱՊՊԱ ընկերության աշխատակցին, ով օժանդակել է՝ կնքելով համապատասխան պայմանագրեր: 2019թ. մարտի 29-ին հիշյալ վայրում կազմակերպել են իրենց մասնակցությամբ կեղծ ավտովթարը, որից հետո ավտոմեքենաներից մեկի սեփականատերը, զանգահարել է հիշյալ ապահովագրական կազմակերպության աշխատակցին, վերջինս էլ, կատարելով համապատասխան գործողություններ, փոխհատուցման դիմում է ներկայացրել ընկերությանը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 33-ամյա տղամարդը 2020 թ. մայիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում նույն քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, հարվածներ հասցրել վերջինիս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Մեկ ամիս անց, նույն տղամարդը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության, կեղծ փաստաթղթեր կազմելուն դրդելու, խուլիգանության և ծեծի, ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ խարդախության կազմակերպման և փաստաթղթեր կեղծելու, իսկ ԱՊՊԱ ընկերության աշխատակցին՝ խարդախության օժանդակման համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...