Էրդողանի խոսքերը նողկալի են․ Պետդեպարտամենտի խոսնակ
Միացյալ Նահանգները դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի անտիսեմիտական արտահայտությունները եւ դրանք համարում նողկալի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը։
«Միացյալ Նահանգները կատեգորիկ կերպով դատապարտում է նախագահ Էրդողանի վերջին անտիսեմիտական հայտարարությունները կապված հրեա ժողովրդի հետ։ Մենք այդ հայտարարությունները որակում ենք նողկալի։ Կոչ ենք անում Էրդողանին եւ Թուրքիայի մյուս լիդերներին զերծ մնալ պառակտման հրահրումից, որը կարող է կատալիզատոր դառնալ հետագա բռնությունների համար։ Կոչ ենք անում Թուրքիային միանալ Միացյալ Նահանգների՝ Մերձավոր Արեւելքի կոնֆլիկտին վերջ դնելու աշխատանքներին»։
Պրայսը, սակայն չի ասել, թե Էրդողանի կոնկրետ որ արտահայտություններն են, որ զայրացրել են Միացյալ Նահանգներին։