Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլը:
Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հատուկ շեշտվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով պրակտիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն:
«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանի վերջին միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունը հետևյալն է՝ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերը և խորհրդատվության տրամադրումը՝ հանուն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու շուրջ համաձայնության հաստատման»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի առանցքային հարցեր: Իլհամ Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական պատվաստանյութերի մատակարարման համար: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել բոլոր ուղղություններով համագործակցության խորացման ուղղությամբ: