Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին պղծվել է. Persecution
«Միջազգային քրիստոնեական հոգածություն» կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Շուշիի հայտնի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պղծման լուսանկարների հայտնվելուց ի վեր: Այս մասին տեղեկացնում է Persecution պարբերականը:
Շրջանառվող առաջին տեսագրություններում երևում է, որ գլխավոր մուտքի սյուների վրա տեղադրված հրեշտակների արձանիկները հանվել են: Այնուհետև ցուցադրվեցին հանված գմբեթներով եկեղեցու լուսանկարներ:
Պարբերականը նշում է, որ եկեղեցին վնասվել էր 2020-ի հոկտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի ռմբակոծության հետևանքով: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վերականգնվում է: Persecution-ն ընդգծում է, որ ՀՀ արտգործնախարարությունը խստորեն քննադատել է եկեղեցում կատարվող գործողությունները, ինչը հայ հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքի հստակ ոտնահարում է:
Պարբերականն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին արգելված է այցելել հայկական մշակութային ժառանգության վայրեր:
«Միջազգային քրիստոնեական հոգածություն» կազմակերպությունը մեջբերել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգիչ խոսքը. «Մենք բազմիցս ականատես ենք եղել հայկական մշակութային արժեքների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքին, և միանգամայն պարզ է, թե ինչ է թաքնված «վերանորոգման աշխատանքներ» անվան տակ: Նպատակը հայկական ներկայության հետքի վերացումն է»:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագիրն անհայտ է: Մտավախություն կա, որ այն կարժանանա Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրին՝ արտացոլելով պանթյուրքիզմի այն տեսակը, որը ոչնչացնում է քրիստոնեությունը Թուրքիայում: