Ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել. ԳՇ պետի տեղակալը մանրամասնում է լուսադեմի միջադեպը

Meknabanel e

 Օպերատիվ մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային ներկա վիճակին:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ մեր ԶՈՒ-ն փորձում է նրանց վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ: Իրավիճակը լարված է Սեւ լիճ-Վերիշեն հատվածում եւ գիշերվա ընթացքում նաեւ լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում: Գիշերային իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի դրությամբ, որովհետեւ հակառակորդը փորձում էր իր ուժերը միավորել եւ ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար»,- ասաց ԳՇ պետի տեղակալը:  

Ըստ նրա՝ գնահատելով այդ իրավիճակը հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել 1 նոր մարտական դիրք:

Նա նշեց, որ նշված գործողության արդյունքում հակառակորդը գերեվարել է մեր 6 զինծառայողի, բայց այնպես չի, թե հենց այդ միայն 6 զինծառայողն էին գործողություն իրականացնում:

«Կարող է ձեզ մոտ միանգամից հարց առաջանալ՝ ինչու գերեվարել, ինչու մեր զինծառայողները զենք չեն կիրառել: Արդեն իսկ 16 օր է ձեզ հայտնի է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է միջադեպը լուծել առանց զենքի կիրառման: Նրանք մոտեցել են մեր զինծառայողներին զենք են ուղղել եւ հրամայել հանձնվել»,- մանրամասնեց Ասրյանը:

ԳՇ պետի տեղակալն ասաց, որ կապ ունեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի հետ եւ բանակցային գործընթացը շարունակվում է. «Բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, որպեսզի բարդ իրավիճակներ չստեղծի, փորձում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը: Սա է ներկայիս իրավիճակը, որը ես գնահատել եմ»:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...