ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր, վերադարձնել ռազմագերիներին

petdep

 Մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներից, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից մի քանի հայ զինծառայողի ձերբակալումից: ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ի դրությամբ: Նույն օրվա իր դիրքերին վերադառնալու կոչ է արվում նաև Հայաստանին:

Բացի այդ, ԱՄՆ-ն Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ հիշեցնելով Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենքների ներքո իր ստանձնած պարտավորությունները՝ գերիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի հարցում:

Ամերիկան կարծում է, որ երկու կողմերի միջև սահմանազատումը պետք է լինի խաղաղ պայմաններում, և այդ գործընթացում չպետք է օգտագործվեն զինված ուժերը: Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ն կոչ է անում վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ներխուժել են ՀՀ տարածք և խորացել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

Իսկ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել և գերեվարել էին ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի։

Մեր կարծիքով՝ Ադրբեջանն այս օրերին փորձում է «կապել Հայաստանի ձեռքերը»՝ զրկելով Հայաստանին ապագայում Ադրբեջանին արդյունավետ դիմադրելու հնարավորությունից։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...