Խարդախություն՝ ամուսնու նկատմամբ. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբեր ամսին 24-ամյա կինը, օգտվելով ամուսնու անձնագրային տվյալներն ունենալու հանգամանքից, համացանցի միջոցով վերջինիս անձնագրային տվյալներով ընկերության հետ կնքել է սպառողական վարկի պայմանագիր, այնուհետև խաբեության եղանակով հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված զգալի չափերով գումարը:
Բացի այդ, 24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: