Հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե ինչ կասի ԱՄՆ-ն հայերի մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Էրդողանը անհամբեր սպասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը, որը կկայանա հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Anadolu գործակալությունը ներկայացրել է Էրդողանի սպասելիքներն այդ հանդիպումից: Առաջին հերթին նա ցանկանում է պարզել ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների վիճակը: Ըստ Էրդողանի, Վաշինգտոն-Անկարա լարվածության պատճառ է ԱՄՆ-ի աջակցությունը քրդական խմբավորումներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Խոսելով երկու երկրների տնտեսական կապերի հեռանկարների մասին՝ նա բարձր է գնահատել ավելի վաղ կայացած առցանց հանդիպումը ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ:
Թուրքիայի ղեկավարը քննադատել է նաև Վաշինգտոնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. «Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե ինչ կասի Միացյալ Նահանգները հայերի մասին: Արդյոք ԱՄՆ-ն այլ մտահոգություններ չունի՞, բացի նրանից, թե ինչպես հանդես գալ որպես հայերի փաստաբան: Թող պատմաբանները զբաղվեն այս հարցով»,- վրդովվել է Թուրքիայի նախագահը:
Նա քննադատել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի՝ վերջերս արած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և ընդգծել, որ «ովքեր փորձում են Թուրքիային անկյուն քշել, կկորցնեն իրենց կարևոր ընկերոջը»: Թուրքիան «ուժեղ ու հուսալի գործընկեր է» ՆԱՏՕ-ի շրջանակներում, շեշտել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նախագահ Ջո Բայդենը 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձում օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը, ինչն առաջացրել էր թուրքական կողմի կոշտ արձագանքը: