Կեղծ դիպլոմների խնդիրը կլուծվի. ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով
Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ:
Պիլոտայինից հետո, Արտակ Պողոսյանի կարծիքով, այլևս թղթային տարբերակով ավարատկան փաստաթուղթ չի լինի: Քաղաքացին իր այդ փաստաթուղթը e-verify կայքից միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ:
Համակարգը կամաց-կամաց ընդլայնվում է: Արտակ Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահին կադաստրի սեփականության վկայականն է, քաղաքացիական ակտերի գրանցման փաստաթղթերն են, հաջորդ տարվանից դպրոցների ավարտական ամբողջ փաստաթղթերը կլինեն էլեկտրոնային: Նախատեսվում է աշխատել նաև միջին մասնագիտական կրթության և բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական դիպլոմները թվայնացնելու ուղղությամբ: Մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով:
«Դա հնարավորություն կտա խուսափել մի շարք խոչընդոտներից՝ սկսած փաստաթուղթը կորցնելուց ու նորը ձեռքբերելուց, կոռուպցիոն ռիսկերից: Այսինքն՝ չեն կարողանա գրանցել ավարտական փաստաթուղթ թղթային տարբերակով: Սրանով կեղծ դիպլոմների շրջանառության խնդիրն ենք լուծում: Դրանից բացի, դիպլոմը կորելու դեպքում, անձը ստիպված չի լինի երկար վարչական ճանապարհով անցնել, որպեսզի վերականգնի իր ավարտական փաստաթուղթը: Ծախսերի տեսանկյունից նույնպես շատ արդյունավետ է: Տարեկան առնվազն 20 մլն դրամ ծախսվում է միայն վկայականների տպագրության վրա, ինչը պետությունը կարող է չանել և տրամադրել այլ ծախսերի համար»,-հավելեց Արտակ Պողոսյանը:
Աննա Գզիրյան