Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է․
Այսօր, հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Դեպքի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, ում կարգադրությամբ էլ ժամանում են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները։ Ժամանում է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի
shamshyan.com