Ադրբեջանցի դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանին
Ադրբեջանցի դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Արցախում ադրբեջանցիների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ընթացքում Էուլջեկջյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գործը նախաքննության փուլ վերադարձնելու վերաբերյալ, որը մերժվել է։
Ադրբեջանը Վիգեն Էուլջեկջյանին մեղադրում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացման և «վարձկանության» մեջ, թե, իբր, «2500 դոլարի համար համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին»:
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 114.3-րդ, 214.2.1-րդ, 318-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Վիգենը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ՝ հրադադարի օրը՝ նոյեմբերի 10-ին։
Կարծելով, որ կարող են անվտանգ տեղափոխել իրենց ապրանքները Մարալը՝ իր ծանոթ մեկ այլ հայրենադարձի՝ Վիգեն Էուլջեկչյանի հետ, գնացել էր Շուշի՝ հյուրանոցից իր իրերը վերցնելու, որտեղ էլ գերեվարվել են։ Ամիսների պայքարից հետո Լիբանանի իշխանությունների միջամտության շնորհիվ նաեւ հաջողվեց Մարալին վերադարձնել Լիբանան, սակայն Վիգենը շարունակում է մնալ Բաքվում։
auroranews.am