2021 թ-ին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանումների ծավալով Ադրբեջանը երկրորդ տեղում է. razm info

tekhnika

2021 թվականի առաջին 5 ամիսներին նկատվել է Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումների ծավալի մեծացում։ Այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել շուրջ 136 միլիոն դոլարի արտադրանք, ինչը մոտ 15 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այս մասին հայտնի է դառնում «Թուրքիայի արտահանողների խորհրդի» հրապարակած տվյալներից։ Այս ծավալով Ադրբեջանը զիջում է միայն ԱՄՆ-ին, որը հիմնականում մշտապես առաջին հորիզոնականում է։

Ընդհանուր առմամբ 2021-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումները դեպի տարբեր երկրներ աճել են 48․3%-ով՝ կազմելով 1 մլրդ 120 մլն դոլար։

Նշենք, որ այս տարվա Ադրբեջանի գնումներից հայտնի են թուրքական արտադրության 20 միավոր MEMATT (Mekanik Mayın Temizleme Teçhizatı) ականազերծող մեքենաները, որոնք Ադրբեջանը ստացել էր մայիսին։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերին՝ միայն մեկ ամսում, Թուրքիայից Ադրբեջան արտահանված պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտադրանքների գինը կազմել է 77 մլն 167 հզ դոլար։ Մեծ հավանականությամբ Bayraktar TB2-ները Ադրբեջան են մատակարարվել հենց այդ ամսին, քանի որ Արցախյան պատերազմի ընթացքում խոցված առնվազն մեկ Bayraktar-ի բեկորներից պարզ է դառնում, որ ԱԹՍ-ի կարևոր դետալներից՝ կանադական արտադրության CMX-15D-SW օպտիկական համակարգը տեղադրվել էր 2020թ․ սեպտեմբերին՝ պատերազմին նախորդող օրերին։ Բացի այդ, Թուրքիայից Ադրբեջան արտահանման այս թիվը համադրելի է 2018թ․ նոյեմբերին Ուկրաինայի՝ Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների գնման համար կնքած 69 մլն դոլար արժողությամբ պայմանագրի հետ։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...