ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտուրը լավ հնարավորություն է Իրանի տնտեսության համար. Իրանի փոխնախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների վերջին կարգավիճակի քննարկմանը նվիրված նիստում ասել է. «Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտուրը լավ հնարավորություն է Իրանի տնտեսության համար»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ջահանգիրին արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությանը և այլ համապատասխան գերատեսչություններին կոչ է արել ԵԱՏՄ-ի հետ Իրանի համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար ժամանակացույց սահմանել և ամենայն լրջությամբ հետամուտ լինել հարցին: Փոխնախագահը հավելել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտուրը մեծ շուկա է տրամադրում երկրի արտադրական ապրանքներին»:
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և ԵԱՏՄ-ի՝ մոտ երկու տարի տևած բանակցություններից հետո և ուժի մեջ մտել դրանից յոթ ամիս անց: ԵԱՏՄ-ի հինգ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը:
Նախատեսվում է երեք տարի անց կողմերի միջև համապատասխան բանակցությունների արդյունքում համաձայնագիրը վերածել ազատ առևտրի համաձայնագրի: