Ադրբեջանում սկանդալ բարձրացրած՝ «Թարթառի գործի» նոր մանրամասներ

xoshtangumner

 Ադրբեջանի իշխանություններն ու իրավապաշտպանները կրկին քննարկում են «Թարթառի գործ» կոչվող՝ ադրբեջանցի զինվորականների զանգվածային խոշտանգումների դեպքերը: 2017-ին 100-ից ավելի զինվորներ խոշտանգումների զոհ դարձան մի զորամասում, որտեղ նրանցից պահանջվում էր խոստովանել, որ լրտեսել են Հայաստանի օգտին, նրանցից շատերը զոհվել են: Չորս տարի անց նոր մանրամասներ են ի հայտ գալիս, գրում է BBC-ն:

Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում պաշտոնատար անձանց առաջադրված մեղադրանքները և կոչ են անում չփորփրել անցյալը: Իրավապաշտպանները պնդում են, որ խոշտանգումների պրակտիկան արմատախիլ չի արվել և կշարունակվի, եթե ամեն ինչ նույնը մնա: Ողջ մնացածներն էլ հույս ունեն, որ հանցագործները կպատժվեն:

«Թարթառի գործը» ներառում է զանգվածային խոշտանգումների դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի մայիսին և հունիսին՝ Ադրբեջանի Թարթառի շրջանում: Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշվում էր, որ զինծառայողներին կալանքի տակ են պահում Հայաստանի հատուկ ծառայությունների համար լրտեսության մեղադրանքով: Անուններ չեն տրվել: Ամբողջ պաշտոնական տեղեկատվությունն այս թեմայի մասին սահմանափակվել է այդքանով:

Մինչ այժմ իրավապաշտպանները իմացել են ավելի քան 100 զինվորի և սպայի մասին, որոնց տեղական դատարանները ճանաչել են որպես խոշտանգումների զոհ: Նրանցից 11-ը մահացել են խոշտանգումներից: Այս 100-ից բացի, ևս 24 մարդ դատապարտվել է 12-20 տարվա ազատազրկման դավաճանության համար: Իրավապաշտպանները համոզված են, որ խոստովանությունները «ստացել» են խոշտանգումների ժամանակ: Խոշտանգողներից 12-ը դատապարտվել  են 3,5-10 տարվա բանտարկության:

Այս տարվա ապրիլին խոշտանգվածների գործերը վերադարձվել են Վերաքննիչ դատարան, իսկ 10 զոհի դեպքերը ՄԻԵԴ են հասել այս տարվա ապրիլին:

Իրավապաշտպաններն իշխանություններին կոչ են անում անցկացնել «Թարթառի» նոր դատավարություն և ներել դավաճանության համար դատապարտվածներին:

Նրանց ու քաղաքագետների կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների շահագրգռվածությունը «Թարթառի գործով» պայմանավորված է ուժայինների միջև ներքաղաքական պայքարով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսը չի բացառում, որ նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է «Թարթառի գործն» օգտագործել՝ ուժայիններից ինչ-որ մի խմբավորման հեռացնելու համար: «Կարծում եմ՝ դա է պառճառը, որ հիմա բոլորը սկսել են խոսել «Թարթառի գործի» մասին: Իսկ երբ մենք սկսեցինք այդ մասին բարձրաձայնել 2017-ին, քար լռություն էր»,- ասել է իրավապաշտպանը:

Վերջին ամիսներին ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են ավելի հաճախ խոսել այդ բարբարոսությունների մասին: YouTube-ում հայտնվում են նոր տեսանյութեր, տեղական մամուլը նոր նյութեր է հրապարակում այդ դեպքերի մասին, սակայն դրանք միայն պաշտպանում են իշխանության դիրքերը:

ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները 2004 թվականից վեց անգամ այցելել են Ադրբեջան: 2018-ին կոմիտեն եզրակացրել է, որ «Ադրբեջանում ոստիկանության, իրավապահ մյուս մարմինների և բանակի կողմից խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքի այլ ձևերը համակարգային բնույթ են կրում, տարածված են և արմատախիլ չեն արվում»:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...