«Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները 15-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել գետից. Կորեայի ձոր
Արդեն 2 օր է, «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարությա ն փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատի փրկարարները դարձել են որոշ «վայ վարորդների» ձեռքին «խաղալիք»: Այդ վարորդները ավելի շատ կամակոր վարորդներ են, քան սրտացավ: Չգիտես ինչու, խելքներին փչում է, որ պետք է Երևանից Կորեայի ձորով անցնեն դեպի Կոտայքի մարզ, մինչդեռ «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները նշված հատվածում կառուցում են նոր, միջազգային չափանիշներին համապատասխան կամուրջ և նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, ինչի մասին տեղեկանում ենք նաև համապատասխան ցուցանակներից: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 14-ին, փրկարարներն ու «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները 15-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել գետից, երբ դրանց վարորդները, վստահ լինելով, որ իրենց ավտոմեքենան, հավանաբար, «Տիտանիկ» է, սակայն լռվել ու մնացել են գետի մեջ ու ստիպված փրկարարներն ու կամուրջ կառուցողները իրենց հիմնական աշխատանքը թողած այդ վայ վարորդների ավտոմեքենաներն են դուրս բերել գետից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է, «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ժողովրդին հայտնի Կորեայի ձորում դեռ ԽՍՀՄ տարիներից ինքնաշեն կամրջի կապիտալ վերակառուցման աշխատանքները։ Ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Մինաս Մինասյանի գլխավորությամբ աշխատանքները սկսում են վաղ առավտից մինչև երեկո։ ԽՍՀՄ տարիներից այս կողմ՝ նշված հատվածում սա առաջին կապիտալ, միջազգային չափանիշներին համապատասխան կամուրջն է լինելու։ Եթե նախկինում ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին անցնում, որպեսզի բախում տեղի չունենար, ապա այս նոր կառուցվող կամրջի շահագործումից հետո ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնատարներ, անցնելու են առանց խոչընդոտի։ Աշխատակիցների աշխատանքն այս օրերին դժվարանում է որոշ վայ-վարորդների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։ Այդ վայ-վարորդները, գալով նշված վայր, որտեղ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները նաև տեղադրել են նախազգուշական նշաններ, «ոտքերը՝ մի կոշիկի մեջ դրած»՝ ասում են, թե պետք է անցնենք, ու գետը անցնելով՝ «լռվում-մնում են» այդտեղ, ու ստիպված կամ փրկարարներն են օգնության հասնում այդ վայ-վարորդներին կամ էլ ՓԲԸ-ի աշխատակիցներն իրենց հիմնական գործը թողնում, ընկնում են դրանց ավտոմեքենաները գետից հանելով։