Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, իսկ Ռազմիկ Աբրահամյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել․ Hetq.am

Razmik

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատավճիռը, գրում է Hetq.am-ը։

Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակատվածում, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին առաջարկել է կաշառք՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով իրեն ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր օգտին որոշակի գործողություն կատարելուն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն, աշխատավարձային և բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Ընդունելով Աբրահամյանի առաջարկը՝ Դավթյանն, ըստ մեղադրանքի, նրա օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է նաև «Մանկաբարձական բժշկական օգնություն» ծառայությունների ծրագրի «հղիության պաթոլոգիայի» բաժնում Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը հնարավորինս քիչ՝ 240 մլն դրամի փոխարեն շուրջ 110 մլն դրամ կրճատելուն և միջոցներ ձեռնարկել կազմակերպության աշխատավարձային բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի մարտի 30-ին Աբրահամյանը Դավթյանին վերջինիս աշխատասենյակում տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար: Այսպիսով` Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ձեզ կհետաքրքրի...